Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը պատրաստվում է դատի տալ Amnesty international կազմակերպության, համարելով, որ այդ կազմակերպության զեկույցում «բացահայտ սուտ» տեղեկություններ են պարունակում, ուստի նրանք պետք է ներողություն խնդրեն:

Խոսքը վերաբերում է 2008թ-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գազային ատրճանակով կրակել էր Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա եւ պատճառել մարմնական վնասվածք: Հետագայում Մ. Դանիելյանը դիմել է իրավապահներին, սակայն որոշ ժամանակ անց գործը փակվել էր, թեեւ հայտնի էր նրա վրա հարձակվողը: Այս մասին հիշատակում կա Amnesty international-ի զեկույցում:

Տիգրան Ուրիխանյանը, սակայն պնդում է, որ Միքայել Դանիելյանն է իր վրա հարձակվել եւ ինքը «ինքնապաշտպանությունից դրդված» ստիպված է եղել օդ կրակել: Հիմա Ուրիխանյանը որոշել է դիմել դատարան, որտեղ պահանջելու է պատասխանատվության ենթարկել «ինչ-ինչ քաղաքական շահեր սպասարկող» Amnesty international-ին եւ պահանջելու է 1 միլիոն դոլարի չափով բարոյական վնասի հատուցում: