Օգոստոսի 5-ը ԱՄՆ Կոլորադո նահանգում հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլլ Ռիտտերը օգոստոսի 5-ը հայտարարել է Ցեղասպանության հիշատակի օր եւ նշել, որ Հայոց ցեղասպանությունն իրապես տեղի ունեցած իրադարձություն է: «Բոլոր ժողովրդները պետք է հայտարարեն, որ նման գործողությունները հնարավոր չեն 21-րդ դարում: 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը, պետք է ճանաչվի, որ ապագայում նման հանցագործությունները չկրկնվեն»,- նշել է նահանգապետը:

«Մենք ողջունում ենք Ռիտտերի ջանքերը՝ ուղղված ցեղասպանությունների դարաշրջանի կասեցմանը` կրթության ու գործողության միջոցով` Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Սուդանում ցեղասպանության կասեցման պահանջը: Յուրաքանչյուր պետություն կարող է կարեւոր դերակատարություն ունենալ ցեղասպանությունների կասեցման գործում»,- իր հերթին նշել է Արամ Համբարյանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը: