Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը Վրաստան, որ նախատեսված էր այս տարվա հունիսին, հետաձգվել է եւ կկայանա հոկտեմբերի վերջին: Այդ մասին հաղորդվել է երեկ՝ հունիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում:
Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։ Հունիս ամսին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով նախատեսված էր Վեհափառ Հայրապետի պաշտոնական այցը Վրաց Եկեղեցի եւ Վիրահայոց թեմ: Այս առնչությամբ Եզնիկ Սրբազանը Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Վրաց Եկեղեցու պետի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքով Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվել է հոկտեմբեր ամիս։ Հոկտեմբերի 22-23-ը Նորին Սրբությունը հյուրը կլինի Իլյա կաթողիկոս-պատրիարքին, իսկ հոկտեմբեր 24-28-ը Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ` Թբիլիսի եւ Ջավախք:
Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձել է նաեւ կրթական ոլորտում իրականացվող փոփոխություններին, Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցին եւ որոշել է հորդորով դիմել ՀՀ կառավարությանը՝ առավել գործուն քայլեր ձեռնարկելու գործընթացի հետ կապված խնդիրները շահագրգիռ անձերի եւ կազմակերպությունների հետ քննարկելու եւ մոտեցումներն առավել հստակեցնելու համար:


























