Ս.թ. Քուվեյթի Պետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հունիսի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի Երեւան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշել է, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջեւ հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:

Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: