ՀՀ կառավարությունը մերժել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության ներդրումային ծրագրին արտոնություն տալ ու երեք տարի ժամկետով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը: Այս մասին այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը` հավելելով, որ մյուս 8 ընկերություններին նման արտոնություն տրվել է եւ մերժվել է միայն «Հայր եւ որդի Երիցյաններ»-ը: Այդ 8 կազմակերպություններն են. «Նատֆուդ», «Շամբ Բիզնես», «Յուքոմ», «Արաքս Թռչնաֆաբրիկա», «Իստեյտ Մենեջմենտ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի», «Գոլդն Գրեյպ Արմաս», «Բիգա», «Սարանիստ» ընկերությունները։
Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությանը, որով 300 մլն դրամ եւ ավելի ներդրում կատարելու դեպքում ընկերություններին հնարավորություն է տրվում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել երեք տարի ժամկետով: Սա կառավարության հակաճգնաժամային քայլերից մեկն է՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը:
Ա. Պետրոսյանի ներկայացմամբ, այդ արտոնությունից օգտված ընկերությունների ներկայացրած ծրագրերի համաձայն կանխատեսվում է կատարել 51,5 մլն դոլար ներդրումներ եւ ստեղծել մոտ 750 նոր աշխատատեղ:
Հարցին, թե ինչո՞ւ է մերժվել «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հայտը, էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց. «Այդ ընկերությունն ընդամենը հացի արտադրության ծրագիր էր ներկայացրել։ Մենք չենք կարող ամեն ծրագրի արտոնություն տրամադրել, չէ որ դա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լուրջ արտոնություն է: Կառավարության համար էական նշանակություն ունեն աշխատատեղերի ստեղծումը, արտահանման եւ ներմուծման ուղղությունները»: Նրա խոսքով, այդ մերժումը կապ չունի Երիցյանի որդու դեմ հարուցված քրեական գործի հետ:
Նշենք, որ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության իրավաբանն ավելի վաղ հայտնել էր, թե ընկերությունը պատրաստվում է Ավան վարչական շրջանում նոր հացի գործարան հիմնել եւ այդ նպատակով Չեխիայից ներմուծել է ավելի քան 4 միլիոն եվրո արժողությամբ սարքավորումներ՝ հաց, հրուշակեղեն եւ հացամթերք արտադրելու համար։ Ակնկալվում է, որ գործարանը աշխատանքով կապահովի 200-250 մարդու։ Կառուցվելիք գործարանի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն եվրո:


























