Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրներից մեկի՝ Թուրքիայի առաջարկով ՍՏՀԿ անդամ երկրների մասին առաջիկայում ֆիլմ է նկարահանվելու։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍՏՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։ Ֆիլմը նկարահանվելու է Ժյուլ Վեռնի «Համառ Կերոբան» վեպի հիման վրա եւ բաղկացած է լինելու 12 սերիայից։ Ֆիլմում կներկայացվեն ՍՏՀԿ անդամ երկրների ժողովուրդները, նրանց մշակույթները: Ֆիլմի սյուժեն հետեւյալն է՝ հերոսը պտտվում է Սեւ ծովի շրջակայքով, հանդիպում է այդտեղ ապրող ժողովուրդներին, առնչվում նրանց կենցաղին, ապրելակերպին, մշակույթին եւ պատմում այդ մասին։ Ֆիլմի նպատակն է՝ նպաստել ՍՏՀԿ երկրների ինտեգրացիային։
Պարզվում է, սակայն, որ Հայաստանի մշակույթի նախարարությանը չի ներկայացվել ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելու առաջարկ, թեեւ համապատասխան փաստաթղթում նշված է, որ Հայաստանը եւս պետք է մասնակցի։ ՍՏՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը բարձրաձայնել է այս անճշտության մասին, ինչից հետո ՍՏՀԿ համապատասխան կառույցը խոստացել է Հայաստանին եւս ուղարկել համապատասպան առաջարկը։
Նշենք, որ ֆիլմում ներկայացվելու է Ժյուլ Վեռնի հերոսի ապրած ժամանակները՝ 1880-ական թվականները, եւ այդ տարիներին Սեւ ծովի տարածաշրջանում ապրած ժողովուրդներին։ «Սա եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր մշակույթը եւ այն պատճառները, թե ինչու շատ տարածքների վրա մեր մշակույթի կրողները չկան»,-ասաց Մինասյանը։
Ի դեպ, ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ՍՏՀԿ հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանին հարցրեց՝ Ժյուլ Վեռն կարդացե՞լ եք։ Հարցը վրդովվեցրեց պատգամավորին եւ նա արձագանքեց. «Ձեր դեգերումը փարատելու համար ասեմ, որ՝ ոչ։ Բոլորն էլ կարդացել են։ Ձեր հարցը մանկական հարց է։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ մենք բոլորս կիսագրագետ ենք, հա՞ ։ Տղամարդուն սազական հարց չի ձեր հարցը»:


























