2010 թ. հունիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,25 տոկոս: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, 2010 թ. մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0,5 տոկոսային կետով` կազմելով 6,3 տոկոս: Խորհուրդը համակարծիք է, որ թեեւ պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի ներկա վարքագծով:

Խորհուրդը գնահատում է, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: Եվրոմիության անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետեւանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից: