Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի դեկավար Օլիվեր լե Բերը հունիսի 9-ին ստորագրել են բանակցությունների արձանագրություն` 50 մլն ԱՄՆ դոլար արժեքով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ավտոճանապարհների 190 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ եւ ճանապարհաշինության ոլորտում ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Ընդ որում, նշված ճանապարհահատվածներից 50 կմ-ը նախատեսվում է վերանորոգել այս տարի, այդ թվում` Մ2 միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող ճանապարհը:

 Նշենք, որ ծրագիրը հուլիսի 15–ին կներկայացվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը, որից հետո կստորագրվի վարկային համաձայնագիր: Համաշխարհային բանկի վարկի գումարը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար, եւս 10 մլն ԱՄՆ դոլարը, որպես համաֆինանսավորում, կտրամադրի ՀՀ կառավարությունը: