Այլընտրանքային խորհրդարան ստեղծելու «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի՝  հունիսի 10-ին տեղի ունեցած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Ըստ նրա՝ «Սարդարապատի» նախաձեռնությունը արդյունք չի կարող տալ, քանի որ ամբողջ ընդդիմադիր պոտենցիալը կենտրոնացած է  Հայ ազգային կոնգրեսում, եւ միայն կոնգրեսն է, որ ի վիճակի է ձեւավորել այլընտրաքային կառավարություն։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե չի բացառվում, որ այլընտրաքային խորհրդարանի անդամ դառնան նաեւ ՀԱԿ անդամ շատ քաղաքացիներ։ Արձագանքելով Սեֆիլյանին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Հիշենք, որ Սեֆիլյանն ինքը ՀԱԿ անդամ է։ ՀԱԿ-ը դեմոկրատ կառույց է եւ ողջունում է ցանկացած նախաձեռնություն, եւ որը կհաջողի՝ կողջունվի մեր կողմից, եւ մենք կաջակցենք։ Բայց ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ի կազմում կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, որ այդ նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվելու»։  ՍԴՀԿ ատենապետի խոսքով՝ «Սարդարապատ»-ը չունի պոտենցիալ՝ այլընտրանքային խորհրդարան ձեւավորելու համար, եւ պետք է հենվի ՀԱԿ-ի կադրերի վրա։ «Իսկ սա նշանակում է, որ այլընտրաքային խորհրդարանը պետք է նորից դառնա Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունը»,-նկատեց ՍԴՀԿ ատենապետը։