Քաղաքային տրանսպորտը, հատկապես միկրոավտոբուսները, ինչպես միշտ երթեւեկում են խիստ ծանրաբեռնված՝ նստած ուղեւորներից բացի փոխադրելով նաեւ կիսանստած, կանգնած, հաճախ նաեւ կքանստած ուղեւորների։ Մի քանի տարի առաջ, երբ ավտոպատահարի հետեւանքով զոհվեց երթուղային տաքսիներից մեկի ուղեւորը, ով կանգնած էր երթեւեկել, ոստիկանությունը որոշեց վերացնել երթուղային տաքսիների՝ կանգնած ուղեւորներ փոխադրելու պրակտիկան։ Մի կարճ ժամանակաշրջան այս առումով խստացում նկատվեց. վարորդները խուսափում էին կանգնած ուղեւորներ փոխադրել, իսկ եթե կանգնած ուղեւոր էր լինում մեքենայում, ստիպում էին նրանց՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին նկատելիս կքանստել։
Այժմ կրկին վերականգնվել է մեկի հետույքը մյուսի դեմքին կպած երթեւեկելու հին ավանդույթը, ինչն ավելի անտանելի է դառնում հատկապես ամռան շոգին։
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Արման Միրիջանյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում երեւույթը բացատրեց հետեւյալ կերպ. «Նման ծանրաբեռնվածություն տեղի է ունենում հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին։ Քաղաքապետարանը, բնականաբար, պայքար է տանում, որպեսզի կանգնած ուղեւորներ վարորդները չտեղափոխեն, եւ խնդիրը ավելի շատ վարորդ-ուղեւոր հարաբերությունների մեջ է։ Երբ ուղեւորը շտապում է ու կանգնեցնում է ազատ տեղ չունեցող տրանսպորտ, վարորդը կանգնում է։ Այս հարցում ավելի շատ ուղեւորն է մեղավոր, քան վարորդը։ Իհարկե, պատասխանատվությունը վարորդի վրա է, բայց նա իր աշխատանքն է անում»։
Հարցին՝ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկո՞ւմ է՝ քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ, որպեսզի ուղեւորները կանգնած չերթեւեկեն, Միրիջանյանը պատասխանեց. «Եթե Երեւան համայնքը ունենա այնքան հնարավորություն, որ ունենանք մեծ ավտոբուսներ, նման խնդիր այլեւս չի առաջանա։ Իսկ մեր հանրապետությունում այնքա՜ն խնդիրներ կան....»։ «Երեանտրանս» ՓԲԸ-ի տնօրենն այնուհետ ասաց, որ քաղաքապետարանը աշխատանքներ է տանում խնդրի լուծման ուղղությամբ, եւ վերջին վեց ամսվա ընթացքում մոտ 35 ավտոբուս է ներկրվել Հայաստան, որոնք այժմ շահագործվում են։ «Մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 80 ավտոբուսի ներկրում»,-հավաստիացրեց Միրիջանյանը։
Նշենք, որ ավտոբուսները ձեռք են բերվում ոչ թե Երեւանի քաղաղապետարանի միջոցներով, այլ ուղեւորափոխադրում իրականացնելու թույլտվություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների հաշվին։
Նշենք,որ Երեւանն ունի 125 միկրոավտոբուսային, 46 ավտոբուսային եւ 24 տրոլեյբուսային երթուղի։ Միկրոավտոբուսային ուղեւորափոխադրումն իրականացվում է 70 կազմակերպության կողմից։


























