Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում քարոզչության կարեւորությունն ու նշանակությունը՝ այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ադրբեջանական քարոզչությանը։ Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը չի կարողանում ադրբեջանական քարոզչությանը համարժեք քարոզչություն իրականացնել։
«Մենք ունենք ամեն ինչ. մեր ճշմարտությունն ավելի զորեղ է, բայց այդ ճշմարտությունը պետք է հասցնել տեղ։ 90 անգամ ասված ստին չեն հավատում, բայց հարյուրերորդին արդեն հավատում են»,-հայտարարել է Կարապետյանը՝ եւ որպես օրինակ է բերել Եվրախորհրդարանի 2216 բանաձեւը։ «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրենը նշել է նաեւ. «Որակի տեսակետից չեմ կարող ասել, թե կատարյալ է ադրբեջանական քարոզչությունը, բայց քանակի տեսակետից գերազանցում է մեզ։ Չնայած, հիմա արդեն որակին էլ ուշադրություն են դարձնում, որովհետեւ ահռելի գումարներ են ծախսում, գիտեն՝ ում դիմեն, որ այդ գործով զբաղվեն։ Այն մարդիկ, ովքեր մեզ մոտ կարող են շատ բան անել, դուրս են մնում այս գործընթացից։ Այս աշխատանքները մենք կատարում ենք անհատական նախաձեռնությամբ։ Բայց այս կերպ ադրբեջանական հզոր քարոզչական մեքենային մենք դիմադրել չենք կարող»,-նշելել է Կարապետյանը։


























