Հայաստանի խորհրդարանը գործով է ապացուցում իր հավատարմությունը ժողովրդավարության չափանիշերին ու եվրոպական արժեքային համակարգին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 11-ին Լիմասոլում «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով գումարված խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: «Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես բազմիցս կոչ եմ արել ընդդիմությանը` օգտագործել խորհրդարանի ամբիոնը որպես քաղաքական քննարկումների հարթակ»,- հայտարարել է Աբրահամյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարած փոփոխություններո ոչ միայն հստակ սահմանում են, թե ինչ է խորհրդարանական ընդդիմությունը, այլ նաեւ լրացուցիչ երաշխիքներ են ապահովում Հայաստանի խորհրդարանում ընդդիմության գործունեության համար: «Մասնավորապես նրանց ընձեռնված է առաջնահերթ հայտարարություններ անելու, օրենքների կամ որոշումների նախագծերի` արտահերթ ընթացակարգով քննարկման ներկայացնելու հնարավորություն»,- ասել է Աբրահամյանը եւ հավելել. «ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին` այդ թվում ընդդիմադիր ուժերին, կանոնակարգի փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱԺ հանձնաժողովների ձեւավորման փուլում նախագահների ու նրանց տեղակալների պաշտոնների բաշխվածությունը կատարել հստակ կանոններով»:
Հունիսի 11-ին նախատեսվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Կիպրոսի, Մալթայի, Շվեդիայի, Խորվաթիայի խորհրդարանների նախագահների եւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ:


























