Քիչ առաջ ավարտվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքի երթը դեպի Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակ։ Ընդդիմադիր երիտասարդները թռուցիկներ են բաժանել ՀԱԿ կալանավորված ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկարով, որում պահանջվում է իշխանություններից ազատ արձակել նրան։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ նամակ են հանձնել ԵԽ գրասենյակ, որը հասցեագրված է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին։
«Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված Հայաստանին վերաբերվող 1609, 1620, 1643 բանաձեւերում կոչ է արվում ՀՀ իշխանություններին, անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այնինչ այսօր ավելանում են քաղբանտարկյալները: Վառ օրինակ է 18-ամյա Դավիթ Քիրամիջյանը, ով ուսանող է եւ սովորում է Երեւանի Կինոյի եւ Թատրոնի Պետական ինստիտուտում: Ունի խնդիրներ առողջության հետ կապված` մասնավորապես վիրահատության է ենթարկվել նրա աջ ոտքը, ունի մշտական բժշկական հսկողության կարիք: Ձերբակալման ժամանակ տեղի ունեցած բռնությունների հետեւանքով տեղաշարժվել է նրա ծնոտը»,-ասված է նամակում: Նամակի հեղինակները հորդորում են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ հավատարիմ մնալ ԵԽԽՎ սկզբունքներին եւ վերջինիս կողմից ընդունված բանաձեւերին, պահանջել ՀՀ իշխանություններից`ազատ արձակել Դավիթ Քիրամիջյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, հետամուտ լինել բանաձեւերում առկա պահանջների կատարմանը:
«Հակառակ դեպքում Դուք կնպաստեք Հայաստանի Հանրապետությունում ապօրինությունների, հակաժողովրդավարական երեւույթների, բռնությունների շարունակմանն ու ամրապնդմանը»,-գրված է նամակում: Նամակին կից ներկայացվել են փաստացի նյութեր`Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կատարված ապօրինությունների մասին: Նշենք, որ երթն անցել է խաղաղ, առանց միջադեպերի։


























