Հայաստանում իրավապաշտպաններն անպաշտպան են եւ ենթարկվում են իշխանությունների, ինչպես նաեւ նրանց կողմից ուղղորդվող որոշ լրատվամիջոցների ճնշումներին ու գրոհներին՝ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա հրավիրվել է մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյանի հետ հանդիպմանը, ով հունիսի 14-18-ը կիրականացնի իր առաջին առաքելությունը Հայաստանում։
Առաքելության նպատակն է անձամբ եւ անկողմնակալ կերպով գնահատել երկրում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը եւ նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց։ «Այն, որ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել, կամ մեկ այլ իրավապաշտպան՝ Արշալույս Հակոբյանը կարող է բռնության ենթարկվել ոստիկանությունում ու կանալավորվել, եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառածները մնան անպատիժ, խոսում է Հայաստանում իրավապաշտպանների խոցելիության մասին։ Այն, որ որոշ լրատվամիջոցներով կոնկրետ թվով իրավապաշտպանների կարող են անվանել «հինգերորդ էշելոն», «գունավոր հեղափոխություն իրականացնողներ», «ազգային անվտանգությանը սպառնացողներ» ու այլն, սա եւս խոսում է իրավապաշտպանների անպաշտպանության մասին։ Ի՞նչ պաշտպանության մասին կարող է խոսք լինել, մենք ընդամենը ժամանակավոր ազատության մեջ ենք», -նշեց Սաքունցը։
Իսկ ի՞նչ իրավիճակում է Մարդու իրավունքների պաշտպանի պետական ինստիտուտը` հարցին, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ձեւի համար ստեղծել ենք Օմբուդսմենի ինստիտուտ։ Եթե իշխանությունների կամքը լիներ, նրանք չէին ստեղծի այդ ինստիտուտը։ Այն ստեղծվեց ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների հիման վրա, եւ ինչպես ցանկացած բարեփոխում, այդ թվում եւ Օմբուդսմենի ինստիտուտի ձեւավորումը ունի իմիտացիոն բնույթ»:
Իրավապաշտպանը նշեց նաեւ, որ մինչեւ այժմ ՄԻՊ-ի մարտիմեկյան իրադարձություններին նվիրված արտահերթ զեկույցում բարձրացված հարցերը մնացել են անպատասխան, եւ երբ այդ զեկույցի լսումը կազմակերպվեց, փոխանակ զեկույցում ձեւակերպված հարցերին պատասխաններ տրվեին, Օմբուդսմենին դարձրեցին քաղաքական սուբյեկտ ու սկսեցին քննադատել։ «Թեեւ լիովին բավարարված չենք ՄԻՊ-ի գործունեությունից, սակայն այնուամենայնիվ, այն, ինչ որ արվում է նրա կողմից, արդյունք չի տալիս, քանի որ իշխանությունները թքած ունեն ՄԻՊ-ի բողոքների, դիմումների եւ մյուս հայտարարությունների վրա»:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանն էլ, ով նույնպես հրավիրված է Մարգարետ Սեկագգյանի հետ հանդիպմանը, ասաց, որ կոնկրետ իրենց կազմակերպության իրավապաշտպանները Հայաստանում իրենց զգում են անպաշտպան, քանի որ նրանց գործունեությունը իշխանությունների կողմից պարբերաբար խոչընդոտվում է։ Նա ասաց, որ հատուկ զեկուցողի հետ հանդիպման ժամանակ խոսելու է իրենց կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաեւ փաստաբանների եւ լրագրողների դեմ կիրառվող բռնությունների ու այլ հակաօրինական քայլերի մասին։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵԽԽՎ-ն ընդունեց «ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի մասին» բանաձեւ, որով կոչ է արվում ԵԽ անդամ երկրներին՝ պաշտպանել իրավապաշտպաններին եւ կանխել վերջիններիս ֆիզիկական անվտանգությանը, կյանքին ու ազատությանը սպառնացող վտանգները: Հատկանշական է, որ զեկույցում`որպես իրավապաշտպանների պաշտպանվածության առումով ամենաանբարեհույս երկրներ՝ նշված են Հարավային Կովկասի երկրները`Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը:


























