ԱՄՆ-ում, Մեքսիկական ծոցի հատակինայս ամառ, մարդու գործունեությամբ պայմանավորված, 13 հազար քառ. կմ մակերեսով գոտի է առաջացել, որի սահմաններում ջրի մեջ ծովային կենդանիներին համար շատ քիչ քանակությամբ թթվածին է մնում: Այդ եզրահանգմանն են եկել Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բնապահպանների տվյալներով՝ հատակի հատվածը իր չափերով մոտավորապես հավասար է ամերիկյան Քոնեքթիքութ նահանգի տարածքին, ամբողջովին պատված է ջրիմուռներով, որոնք օգտագործում են ջրի գրեթե ողջ թթվածինը՝ դրանով իսկ սպառնալով ձկների եւ ծովախեցգետինների կյանքին: Սրա պատճառը ափից ոչ հեռու տեղակայված գյուղացիական տնտեսություններն են, որոնք ակտիվորեն քիմիական պարարտանյութեր են օգտագործում, որոնք էլ անձրեւների եւ գետերի միջոցով թափվում են ծոց: Վերջինս բարենապաստ միջավայր է ստեղծում հատակամերձ բուսականության համար:
Ներկայումս մեքսիկական ծոցի «մեռյալ գոտին» իր մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջին տեղում է Բալթիկ ծովի հատակում գոյացած ջրիմուռներով պատված հատվածը: Ընդհանուր առմամբ, նմանատիպ 550 վայր է հաշվվում: Դրանց թիվը մշտապես աճում է:





























