Ուրանի առկայության, դրա հնարավոր պաշարների հայտնաբերման եւ հաստատման նպատակով «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Հայաստանի Սյունիքի մարզում՝ Քաջարան քաղաքից ոչ հեռու գտնվող Լեռնաձոր համայնքում, ուրանի հանքաքարի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ է իրականացնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։

Ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ենթարկված ու դրական եզրակացության արժանացած նախագծի համաձայն: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հավաստմամբ, ուրանի հանքաքարի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն ՀՀ Կառավարության 2009թ. ապրիլի 23-ի N419-Ն որոշման, ինչպես նաեւ 2009թ. օգոստոսի 5-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրված հատուկ լիցենզիայի։

«Ուրանի հանքաքարի պաշարների որակական եւ քանակական գնահատականը կտրվի կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված դաշտային եւ աշխատանոցային տվյալների ամփոփումից հետո: Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման փուլում «հանքահորի շահագործում» եւ «հանքի շահագործում» չի նախատեսված, քանի որ «հանք», որպես այդպիսին, դեռեւս գոյություն չունի՝ քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հավաստվել օգտակար հանածոյի առկայությունը, եւ չեն հաստատվել վերջինիս պաշարները»,- նշված է Կարեն Ղահրամանյանի կողմից NEWS.am-ի խմբագրություն ուղարկված ծանուցման մեջ։

Նրա տեղեկացմամբ, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ֆինանսավորումը կատարում է ռուսական կողմը (մոտ 3,5 մլն. դրամ):

Պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն  կարող է ունենալ ուրանի հանքի հնարավոր շահագործումը շրջակա միջավայրի եւ տեղաբնակների առողջության վրա, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի հետ։ Ըստ բնապահպանի՝ իրենք ուշի ուշով հետեւում են «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից Լեռնաձորում իրականացվող աշխատանքներին. «Մենք հետեւում ենք աշխատանքներին եւ այդ ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք նկատել կառավարության որոշումների եւ իրականության մեջ գոյություն ունեցող փաստերի՝ այդ թվում անկախ փորձագետների եզրակացությունների միջեւ»,- նշեց Զարաֆյանը՝ ընդգծելով, որ ուրանի հանքի շահագործումը նախեւառաջ աղտոտում է ստորերկրյա ջրերը, բացի այդ՝ ճառագայթահարում է ոչ միայն տվյալ տարածքում բնակվող մարդկանց, այլեւ նրանց հետագա սերունդներին՝  այս կերպ վտանգելով նրանց ողջ գենոսը»,- նկատեց բնապահպանը։

Ամփոփելով՝ Զարաֆյանը համոզմունք հայտնեց, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» մինչեւ Քաջարանում ուրանի առկայության, դրա հնարավոր պաշարների հայտնաբերման եւ հաստատման նպատակով աշխատանքներ սկսելը պետք է համալիր ծրագիր մշակեր եւ նոր միայն սկսեր հանքի ուսումնասիրության գործընթացը։