2005թ Օդեսայում կատարված սպանության համար հետախուզվող Արմեն Չիչյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները

Մեր տեղեկություններով՝ նա կալանքի տակ կմնա Հայաստանում այնքան ժամանակ, մինչեւ լուծվեն ընթացակարգային հարցերը: Մասնավորապես, Ուկրաինայի իրավապահ մարմինները պետք է դիմեն Հայաստանի դատախազությանը՝ վերջինիս ատրահանձնելու խնդրով: Գործընթացը կարող է տեւել ամիսներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՎ-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հետախուզման վերաբերյալ հաղորդում է ստացվել, որ Ուկրաինայի քր. օր.-ի 115 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով /սպանություն/ 2005 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզման մեջ գտնվող, 28-ամյա Արմեն Ռուբիկի Անտոնյանն իրականում 30-ամյա Արմեն Լեւոնի Չիչյանն է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երեւանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն: