NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Մուրատ Եթքինի հոդվածը, որը հրապարակվել էր  թուրքական «Hürriyet Daily News» թերթում:

Թուրքիայի կառավարությունը հասկանալի պատճառներով փորձում է մեղմացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում ժամանակավոր անդամության համար քվերակության ժամանակ կրած ձախողումը: 2015–2016թթ. համար այդ տեղի ստացումը շատ կարեւոր նպատակ էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վարչապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում:

Երբ Թուրքիան 2009-2010թթ. ԱԽ-ում տեղ նվաճեց, 150 ձայն էր ստացել: Ի՞նչն է փոխվել այն օրից հետո եւ ինչո՞ւ Թուրքիան ձախողեց վերջին քվեարկութան ժամանակ: Մի քանի պատճառ կարելի է թվարկել: Արաբական կառավարությունները, հատկապես Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, որոնք Էրդողանի հովանավորյալ «Մահմեդական եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն են համարում, ենթադրաբար, Թուրքիայի դեմ են գործել:

Բացի դրանից,  պնդումները, թե Թուրքիայի կառավարությունը  հանդուրժողաբար է վերաբերվում  Սիրիայում եւ Իրաքում իսլամիստական խմբավորումներին, այն ժամանակ, երբ աճում է ԻՊ-ի սպառնալիքը, աշխատում են Թուրքիայի դեմ: Մյուս կողմից, հավաքների, մամուլի ազատության եւ դատական իշխանության անկախության վերաբերյալ  կառավարության վերջին դիրքորոշումը չէր ներկայացրել թուրքական ժողովրդավարության ցանկալի պատկերը:

Դեռեւս 2008 թ. թուրքական դիվանագիտությունը վերելք էր ապրում:  Թուրքիան լավ հարաբերություններ ուներ ոչ միայն հարեւանների հետ, այդ թվում` Հայաստանի,  այլեւ ամբողջ աշխարհի: Ի հակակշիռ դրան` ներկայիս Թուրքիան դեսպաններ չունի հարեւան երեք կարեւոր երկրներում` Սիրիայում, Եգիպտոսում եւ Իսրայելում: Վերջին քվեարկության արդյունքը ձախողում է, եւ Անկարան պետք է դասեր քաղի դրանից: