Հուլիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներթափանցած եւ ազատագրված Քարվաճառի շրջանում 17-ամյա Սմբատ Ցականյանին դաժանաբար սպանած ադրբեջանցիները դիվերսանտներ չեն, այլ միջազգային ահաբեկիչներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ծնունդով արցախցի Թեւան Պողոսյանը:

«Պետք է ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ անուններ տալ: Ինչո՞վ են այդ ադրբեջանցիները տարբերվում իսլամիստական տեռորիստներից: Մտել են մեր տարածք, գերեզմանոցի վրա սպանել, մորթել, գլխատել 17-ամյա տղային: Թե բացի դրանից ինչ մտադրություն են ունեցել, չենք կարող ասել, միգուցե ցանկացել են ջուրը թունավորել: Ամեն դեպքում նրանք դիվերսանտներ չեն եղել, այլ տեռորիստներ, որոնց պետք է պատժել միջազգային օրենքներով»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ադրբեջանջիներին դատելիս՝ Հայաստանը որեւէ կերպ չպետք է միջամտի, ամեն ինչ պետք է արվի ԼՂՀ օրենքներով:

Նշենք, որ ադրբեջանցի դիվերսանտների գործով առաջին դատական նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում: Սմբատ Ցականյանի հարազատները NEWS.am-ի հետ զրույցում սակայն ասել էին, որ չեն ցանկանում՝ ադրբեջանցիներին դատեն

«Մնք մեր ձեռքով պիտի սպանենք էդ արդբեջանցիներին, տանենք մեր գերեզմանոցների վրա սպանենք, ոնց որ իմ բալին սպանեցին, մենակ էդպես մեր սիրտը կհանգստանա, որպես ի՞նչ են նստացնում»,- ասել էր 17-ամյա տղայի մայրը՝ տիկին Կարինեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 16-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 15-ին տղայի դին հայտնաբերել են, իսկ մեկ օր անց էլ հուղարկավորել նրան փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել: Նշենք, որ այս գործով 2 մեղադրյալ կա: Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին  մեղադրանք են առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելությանշարժառիթով եւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: