Ժամանակն է, որ սահմանադրական բարեփոխումները անժամանակ համարող քաղաքական ուժերը ասեն՝ այդ բարեփոխումների մեջ կոնկրետ որ դրույթներն են նրանց համար անընդունելի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին,հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ ոչ նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ իշխանությունը, եւ ոչ էլ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պարտադրանքով ոչ մի բան չեն լսելու: «Այսինքն մենք պատրաստ ենք ցանկացած երկխոսության: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ներկայիս փուլի երկարաձգմանը, կարծում, եմ , դա ճիշտ է. որքան երկար առարկայական քննարկումներ անցկացնենք, այդքան սովորական քաղաքացու համար ավելի հեշտ կլինի հասկանալ սահմանադրական բարեփոխումների նպատակները: Դրա համար ժամանակ է պետք. պետք է հստակ ասել, որ մենք խնդիրներ ունենք եւ դրանց լուծման նպատակով փորձում ենք սահմանադրական բարեփոխումներ իրականացնել», - նշեց Ավետիսյանը:
Գործող սահմանադրությունում կան դրույթներ, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ եւ նման կերպ խուսափել խնդիրները լուծելուց: «Եթե մեր Սահմանադրությունում ընդգծված է սոցիալական պետության ստեղծման խնդիրը, ապա մենք պետք է հստակեցնենք սոցիալական պետության էությունը, որպեսզի հետագայում կարողանանք խնդիրներ լուծել», - եզրափակեց պատգամավորը:




























