Հայաստանում Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչեւ 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Այս մասին, հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում եւ ամրապնդվում են կապերը մշակութային եւ կրթական բնագավառներում:
«Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է եւ մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձեւաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան»,-ընդգծել է նախարարը:




























