Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կալանավորել է իր աղմկոտ վարքով հայտնի բրիտանացի պատգամավոր Էրիկ Ջոյսին՝ հերթական վիճաբանության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությանը: Ըստ աղբյուրի՝ պատգամավորը վերջին երեք տարում արդեն չորրորդ անգամ է կալանավորվում: Այս անգամ, սակայն, Ջոյսը կալանավորվել է 15-ամյա պատանու հետ վիճաբանելու համար:
Պատգամավորն իրեն մեղավոր չի համարում: «Պարզապես այդ երեկո ես պարենային խանութ մտա եւ տեսա, որ երիտասարդը ներսում իրեն վանդալի պես է պահում: Ես կարգի հրավիրեցի եւ խանութպանին խնդրեցի ոստիկանություն կանչել», - նրա խոսքերն է մեջբերում աղբյուրը: Դեռահասի մարմնին իրավապահները ծեծի հետքեր են նկատել: Մեղավորներին կորոշի ոստիկանությունը:
2012-ին Ջոյսին լեյբորիստական կուսակցությունից հեռացրել էին խորհրդարանի բարում քաղաքական հակառակորդների հետ ընդհարումից եւ ոստիկանների հասցեին վիրավորանքներ շռայլելուց հետո:
Դրա համար նրան հանրային աշխատանքների եւ խոշոր տուգանքի էին դատապարտել:





























