ԿԺԴՀ-ի առաջնորդը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին թույլ է տվել այցելել երկիր, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, այսպիսով, Կիմ Չեն Ինը որոշել է վերջ դնել մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ իր հասցեին ուղղված մեղադրանքներին:
Պարբերականը նշում է, որ Փհենյանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի վերանայման հույս ունեն, որի հեղինակներն առաջարկել են ԿԺԴՀ-ի իշխանությունների գործը հանձնել Միջազգային քրեական դատարան: Չի բացառվում, որ պատասխանատվության կկանչվի նաեւ հենց առաջնորդը:
Հյուսիսկորեական պաշտոնյաները վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ որոշել են հանդիպել ՄԱԿ-ի տեսուչի հետ: Բանաձեւի նախագծի ընդունման քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Պարբերականը հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտմանը նվիրված ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվել է 2014թ. փետրվարի 17-ին, եւ ԿԺԴՀ-ին մեղադրում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների ՝ սպանությունների, հարկադրված վիժումների, բռնաբարությունների, քաղաքական, կրոնական, ռասային եւ գենդերային դրդապատճառներով հետապնդումների, առեւանգումների եւ երկար ժամանակ սննդակարգի անմարդկային սահմանափակումների մեջ:





























