Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը քննարկում են կոալիցիոն համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկա պրավդա»-ն:

Աղբյուրի համաձայն՝ համաձայնագրի նախագծի տեքստը 48 էջ է: Առաջարկվում է, որ խորհրդարանական մեծամասնության աշխատանքային մարմինները կլինեն կոալիցիայի ժողովն ու կոալիցիայի խորհուրդը:
Համաձայնագրով արգելվում է փոխնախարարների պաշտոնների քվոտավորումը: Նույն համաձայնագրով նախատեսվում է, որ կոալիցիայի ծրագրերի իրականացմանն ուղղված օրինագծերը խորհրդարան է ներկայացնելու կառավարությունը, նախագահը կամ պատգամավորները՝ բարեփոխումների գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելու պայմանով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի առավոտվա դրությամբ, Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է էլեկտրոնային արձանագրությունների 98,1 տոկոսը: Ըստ այդմ, Յացենյուկի կուսակցությունը հավաքել է 22,16 տոկոս ձայն, Պյոտր Պորոշենկոյի բլոկը՝ 21,82 տոկոս ձայն, «Սամոպոմիչ» միավորումը՝ 11 տոկոս ձայն: