Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվում է մեկնաբանել Շանթ Հարությունյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ կապված քրեական գործերը: «Չեմ կարծում, որ արդարադատության նախարարի կողմից կոռեկտ եւ արդարացված է քրեական գործեր մեկնաբանելը: Պաշտոնի բերումով ես ոչ դատախազության, ոչ էլ քննություն վարելու լիազորություններ չունեմ: Բնականաբար, ես հետեւում եմ այդ եւ այլ գործերի մամուլի միջոցով, ինչպես ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի»,-ասել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին «Նախախորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երեւանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանական բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեեւ վերջինը մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:





























