Կարեւոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցում են, եւ լավ նորություն է, որ նրանք այս տարի արդեն երրորդ անգամ են հանդիպում: Բայց նրանք պետք է հաշտության ուղիներ գտնեն հստակ հարցերի շուրջ: Այս մասին հոկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Ըստ դիվանագետի՝ երկար ժամանակ էր նախագահները չէին հանդիպել, եւ դա լռության շրջան էր: «Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանսիայի նախագահը նախաձեռնեց եւ նախագահներին հանդիպման հրավիրեց»,- նշել է Մորելը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ չարժե չափից ավելի լավատես լինել եւ մեծ արդյունքներ ակնկալել հանդիպումներից:





























