Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա ԵՏՄ անդամ դառնալուց հետո...
Չեմ կարծում, թե Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները բացասաբար կազդեն Հայաստանի վրա, քանի որ դրանք Ռուսաստանի դեմ են ուղղված: Այս մասին հոկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա ԵՏՄ անդամ դառնալուց հետո:
Դեսպանը դժվարացել է ասել, թե տնտեսական ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: «Այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ մասնագետները: Համենայն դեպս, Եվրոպան կպահպանի առեւտրային կապերը Հայաստանի հետ: Պետք է սպասել եւ տեսնել՝ կլինեն արդյոք գների բարձրացումներ որոշակի ապրանքների համար, սակայն, կարծում եմ, էական փոփոխություններ չեն լինի», - նշել է Մորելը: Նա նաեւ հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, պատժամիջոցներ է կիրառել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում: «Եվ ես ենթադրում եմ, որ հենց գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի տնտեսության համար այս համատեքստում կարող են նոր հեռանկարներ բացվել», - նշել է Գերմանիայի դեսպանը:





























