Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած Լեւոն Արամի Հայրապետյանը սրտի արատ է ունեցել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ երիտասարդը միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, լավ սովորող է եղել եւ ակտիվորեն մասնակցել է ֆիզկուլտուրայի դասերին: «Խաղի ժամանակ վատ է զգացել իրեն, «Շտապօգնությունը» մինչեւ եկել է, մահացել է, թեեւ հենց տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Ծնողները ասել են, որ բնածին արատ է ունեցել, հիմա ամեն ինչ դեռ կպարզվի՝ արդյոք ինքն է ցանկացել մասնակցել ֆիզկուլտուրայի դասին, ինչու են թույլ տվել եւ այլն, այդ բոլոր հարցերը կպարզվի, հավանաբար կնշանակվի նաեւ ծառայողական քննություն՝ կախված նրանից, թե քննիչները ինչ են ասում»,-ասաց ռեկտորը:

Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մեր տեղեկություններով՝ ուսանողի մահվան պատճառը հավանաբար ինֆարկտ էր, ու եթե դա հաստատվի փորձաքննությամբ, ապա քրեական գործ չի հարուցվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին հոկտեմբերի 29-ին, քիչ առաջ, ուսանող է մահացել: 

Մեր տեղեկություններով՝ ուսանողը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Նա ֆուտբոլիստ է: Հենց դասի ժամանակ երիտասարդը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է: