Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Բաշար Ասադից Սիրիա այցելելու հրավեր է ստացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Instagram սոցիալական ցանցում տեղեկացրել է Քադիրովը:

«Դեսպան Հադդադն ինձ փոխանցեց Բաշար Ասադի՝ Սիրիա այցելելու հրավերը»,-գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը: Նա նշել է, որ Սիրիայի մուֆթին իրեն է փոխանցել Ասադի երախտագիտության խոսքերը՝ կապված տարածաշրջանի իրադարձություններում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման հետ:

«Սիրիական իշխանությունները ձերբակալված եւ սպանված չեչենների ցուցակ ունեն: Նրանց գերակշռող մասն արեւմտյան երկրների բնակիչներ են, որոնք այնտեղ ծնվել կամ փոխադրվել են 20 տարի առաջ: Դա արվում է՝ աշխարհի աչքին չեչեններին որպես ահաբեկիչ եւ ծայրահեղական ներկայացնելու նպատակով, չնայած Սիրիայում տասնյակ երկրներից զինյալներ կան: Ես նշեցի, որ Արեւմուտքի նպատակն է՝ պատերազմի մեջ ներքաշել միլիոնավոր մահմեդականների եւ նրանց ստիպել ոչնչացնել միմյանց»,- ընդգծել է Քադիրովը: