Հայաստանը միշտ ընդգծել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտությունների պատճառ չի հանդիսանում: Ընդհակառակը, այդ իրավունքի իրացման խոչընդոտումը եւ ժխտումը բարենպաստ հող է ստեղծում հակամարտությունների համար: Այս մասին նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով տվյալ իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցը:
«Մենք միշտ ասել եւ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է նոր հիմնախնդիրների պրոֆիլակտիկա դառնալ», - հայտարարել է նախարարը: Ըստ նրա` այդ իրավունքի իրացումը կարող է նպաստել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապանդմանը: Նախարարը հիշեցրել է, որ գոյություն ունեցող միջազգային կացութաձեւն այդ իրավունքի արտացոլումն է: «Այդ իրավունքն արհամարհելը նույնն է, ինչ էվոլյուցիային դիմադրելը», - ընդգծել է նախարարը: Ըստ նրա` այդ կարեւոր զեկույցը արտացոլում է Հայաստանի եւ այլ երկրների մոտեցումները: Նալբանդյանը նշել է, որ երկիրը չի կարող մարդու իրավունքներին կողմ ելույթ հանդես գալ եւ դրան զուգահեռ ինքնորոշման իրավունքին դեմ լինել: Որպես հետեւողական օրինակ` Նալբանդյանը բերել է Շոտլանդիայի հանրաքվեն:





























