Սահմանադրական բարեփոխումները միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում դրական արդյունքներ կտան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Վենետիկյան հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարքերթը:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի պնդումներին, որ բարեփոխումներն իրականացվում են իշխանության վերարտադրության նպատակով, Մարքերթը նշեց. «Ես չեմ կարող խոսել Հայաստանի ընդդիմության փոխարեն, սակայն կցանկանայի ասել, որ Վենետիկի հանձնաժողովը հավանության է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Սակայն դեռեւս չկան որոշակի տեքստեր կամ հոդվածներ, միայն դրանց հայտնվելուց հետո հնարավոր կլինի ասել՝ այդ բարեփոխումները հաջողված են, թե ոչ: Բնական է որ, որ ընդդիմությունը սկեպտիկ վերաբերմունք ունի կառավարության գործունեության նկատմամբ: Սակայն Վենետիկի հանձնաժողովը՝ որպես արտաքին դիտորդ, ավելի շատ հակված է տեքստեր, այլ որ թե դրանց տակ թաքնված տողատակերը կարդալուն: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ նախկինում ընդդիմության հիմնական ուժերը կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցներն էին, սակայն, այժմ, երբ հնչել է նման առաջարկություն, այդ ուժերը միանգամից սկսեցին դեմ արտահայտվել այդ գաղափարին: Վենետիկի հանձնաժողովը երեւույթները դիտարկում՝ չելնելով Հայաստանի ներկայիս իրավիճակից. մեր գնահատումները ավելի շատ երկարաժամկետ բնույթ են կրում», - ընդգծեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը:





























