«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը կնշանակվի մինչեւ նոյեմբերի 20-ը: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան՝ Արայիկ Ալվանդյանը:

«Գործն արդեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում է, բայց դեռ վարույթ չի ընդունվել: Մենք էլ ենք սպասում, որ վարույթ ընդունվի, որ համապատասխան միջնորդությամբ հանդես գանք՝ Վալերի Հովհաննիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ երկրորդ վիրահատությունն անելու համար: Մեր տեղեկություններով՝ մինչեւ նոյեմբերի 20-ը դատավարությունը կսկսվի»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է, սակայն երկրորդ վիրահատությունն անպայման պետք է արվի: Նշենք, որ մեղադրյալի հարազատները պնդում են, որ նրան հունիսին կալանավայր են տեղափոխել՝ աղիքը դուրս ընկած վիճակում:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով։ Վալերիկ Հովհաննիսյանն էլ Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում շուրջ հինգ րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ: Բացի դրանից նրանք բռնություն են գործադրել՝ հարվածներ հասցնելով Գ. Առաքելյանին:

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: