Հանրությունը պետք է դատապարտի Գյումրիում բժիշկների հանդեպ դաժանության եւ ցինիզմի դեպքերը: Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ չի ցանկանում քաղաքի բոլոր բնակիչներին անխտիր մեղադրել, սակայն այնտեղ բժշկի վրա առաջին անգամ չեն հարձակվում:
«Սա բուժօգնություն ցուցաբերելու համար ժամանած մարդու նկատմամբ դաժանության եւ ցինիզմի արդեն երկրորդ դեպքն է: Իրավապահ մարմինները կպարզեն, սակայն մինչ այդ պետք է հանրության գնահատականն էլ հնչի», - ընդգծել է նախարարը: Մուրադյանը նշել է, որ շտապօգնությունն արել է իրենից կախված ամեն ինչ` ամենակարճ ժամանակում հասնելով դեպքի վայր: «Գործի նյութերով դա հաստատվել է: Մենք կհետեւենք գործի ընթացքին», - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գյումրիում նույն օրը սպանված 26-ամյա երիտասարդի հարազատները եւ բարեկամները ծեծել էին դեպքի վայր ժամանած շտապօգնության բժշկին, բուժքրոջը եւ վարորդին, վնասել մեքենան: Սրտի հատվածում դանակահարված 26-ամյա երիտասարդին բժիշկներն արդեն չէին հասցրել օգնել: Մահացածի հայրը, եղբայրը եւ ընկերը բժիշկներին էին մեղադրել եւ հարձակվել են նրանց վրա: Մեկ տարի առաջ քաղաքի հիվանդանոցներից մեկում ծեծել էին հերթապահ բժշկին, որը հարբած հարազատներին թույլ չէր տվել այցելել հիվանդներից մեկին` չսահմանված ժամին:



























