Ամերիկյան Cato Institute հետազոտական կենտրոնի վարկածով, Հայաստանն աշխարհի ամենադժբախտ երկրների վարկանիշի 10-րդ հորիզոնականում է:
Վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով գնաճի անկման եւ գործազրկության մակարդակը, ինչպես նաեւ վարկային դրույքաչափերը՝ մի կողմից, բնակչության շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճը՝ մյուս կողմից: Վարկանիշում ընդգրկվել են 109 երկրներ:
Առաջին 4 դժբախտ երկրներն են ԱՄՆ-ի կողմից չսիրված Սիրիան, Վենեսուելան, Սուդանը եւ Իրանը: Տասնյակում ընդգրկված է նաեւ Ջամայկան, որի հետ Միացյալ Նահանգները բավական ջերմ հարաբերություններ ունի, իսկ Հայաստանին նախորդող 8-րդ եւ 9-րդ տեղերում են Հարավային Աֆրիկան եւ Բրազիլիան: Իսկ 11-րդ տեղում Եվրամիության անդամ Իսպանիան է:
Վրաստանը 24-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 38-րդ, իսկ Ռուսաստանը՝ 47-րդ հորիզոնականում:
Վարկանիշում ամենաերջանիկ երկիրը Շվեյցարիան է, որին հետեւում են Արեւելյան Ասիայի միանգամից մի քանի պետություններ. Ճապոնիան, Չինաստանը, Թայվանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Մալազիան եւ Թայլանդը:




























