ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի հաստատում Բազելում դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածության առկայությունը:
Նախօրեին նման հանդիպման հավանականության մասին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով այդ հայտարարությունը մեկնաբանել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ եթե նման առաջարկ ստացվի եւ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի, այդ մասին կտեղեկացվի: Նա նաեւ հավելել է, որ վերջին 6 տարվա ժամանակացույցը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում նման հանդիպումներ կայացել են:
Նշենք, որ Բազելում հանդիպման հավանականություն Ադրբեջանի արտգործնախարարը պայմանավորել էր «Հայաստանի կառուցողական մոտեցմամբ»: Միաժամանակ ադրբեջանցի նախարարը նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Փարիզի հանդիպումն անվանել էր «կարեւոր քայլ»: «Իհարկե, մենք չենք կարող ասել, որ այդ հանդիպմանը ինչ-որ կարեւոր ձեռքբերում է եղել: Սակայն դա քայլ էր: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, շատ կարեւոր ուղերձ է: Անհրաժեշտ է սկսել աշխատել այդ համաձայնագրի վրա: Խաղաղության հնարավոր չէ հասնել մեկ օրում: Խաղաղության համաձայնագրի վրա աշխատելով` մենք կարող ենք զուգահեռ քննարկել նաեւ չհամաձայնեցված հարցերը` Մադրիդի սկզբունքների շրջանակում», - ասել է Մամեդյարովը, հայտնում է contact.az-ը:




























