ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գեւորգյանի կողմից, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գոռ Գեւորգյանը, հանդիսանալով գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար ինքնուրույն ուղղություն տվող, անհրաժեշտ որոշումներ կայացնող, քրեադատավարական օրենքի դրույթներին համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացնող, ինչպես նաեւ դրանք օրինական ու ժամանակին կատարելու համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, իր վարույթում քննվող` 2014 թվականի ապրիլի 24-ին Սամվել Հ.-ի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Սամվել Հ.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, վերջինիս հետախուզում հայտարարելուց հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:

Մասնավորապես. քրեական գործի նախաքննության հենց առաջին օրերից բազմաթիվ անգամ գաղտնի հանդիպումներ է ունեցել խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հ.-ի եւ նրա ընկերոջ հետ, որի ընթացքում Սամվել Հ.-ն խոստովանել է խուլիգանությունն իր կողմից կատարելու, «Տոզ» տեսակի ատրճանակով կրակելու հանգամանքը, մանրամասն պատմել է հանցագործության կատարման դրդապատճառներն ու հանցագործության մասնակիցների գործողությունները: Ավագ քննիչ Գոռ Գեւորգյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, նոր ապացույցներ հավաքելու, Սամվել Հ.-ին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու եւ հատկապես հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների միջոցով օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելու փոխարեն, հանցագործություն կատարած Սամվել Հ.-ին մանրամասն տեղեկացրել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի տված ցուցումների, ձեռք բերված ապացույցների մասին:

Ավելին` չբացահայտվելու նպատակով հորդորել է օգտագործել գաղտնի հեռախոսահամար եւ իր հետ կապ պահպանել այդ հեռախոսահամարով: Այդ ընթացքում Սամվել Հ.-ի եւ մյուսների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պատրանք ստեղծելու նպատակով 2014 թվականի մայիսի 5-ին ձեւական բնույթ կրող ծանուցագրեր, ապա՝ բերման ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել ոստիկանության Արմավիրի բաժնին:

Այնուհետեւ, գործով ձեռք բերած ապացույցների համակցության հիման վրա 2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Սամվել Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ կայացնելուց հետո` նույն օրը եւ հաջորդ օրը, կրկին գաղտնի հանդիպումներ է ունեցել արդեն հետախուզման մեջ գտնվող Սամվել Հ.-ի հետ եւ տեղեկացրել իր կայացրած հիշյալ որոշումների մասին:

Գոռ Գեւորգյանի դիտավորյալ գործողությունների արդյունքում ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Սամվել Հ.-ն դիմել է փախուստի, իսկ նրա օգտագործած, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը չի հայտնաբերվել: