10 տարի հերթափոխով աշխատանքը, հատկապես ոչ կայուն գրաֆիկով, մարդու ուղեղը ծերացնում է 6 տարով: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, հաղորդում է BBCժի ռուսական ծառայությունը:

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական Occupational and Environmental Medicine ամսագրում:

Գիտնականների կարծիքով, հերթափոխային աշխատանքը դադարեցնելուց հետո տեղի է ունենում ուղեղի գործառույթների վերականգնում, բայց դրա համար անհրաժեշտ է լինում 5 տարի:

Հետազոտության շրջանակներում, գիտնականները հետազոտել են 3 հազար մարդու, փորձելով պարզել՝ ինչպես է աշխատում նրանց հիշողությունը եւ ինչպես է փոփոխվում նրանց մտքի արագությունը եւ այլ մտավոր ունակությունները:
Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք 10 եւ ավելի տարի աշխատել են հերթափոխով, ուղեղի աշխատանքի ցուցանիշները գտնվել են այն մակարդակի վրա, ինչպիսիք ունեն նրանցից 6,5 տարի տարեցները:

Այս բացահայտումը կարող է պրակտիկ նշանակություն ունենալ տարեց մարդկանց շրջանում ուղեղի դեգեներացիային հակազդելու ուղիներ գտնելու առումով: