Ղազախստանը կշարունակի Աբլյազովի հանցախմբի անդամների քրեական հետապնդումները եւ Ֆրանսիայի պատկան մարմինների հետ խորհրդակցությունները՝ նախկին բանկիրի արտահանձնումն արագացնելու համար, փոխանցում է News Mail-ը՝ վկայակոչելով ՌԴ գլխավոր դատախազությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014 թ. հոկտեմբերի 24-ին Լիոն քաղաքի վերաքննիչ դատարանը երաշխավորել էր բավարարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պահանջները`  առաջնահերթություն սահմանելով Ռուսաստանի օգտին: Սակայն դատարանի որոշմամբ այդ երկրները պարտավոր էին երաշխիքներ ներկայացնել հանցագործին երրորդ պետությունների չհանձնելու վերաբերյալ`առանց Ֆրանսիայի նախնական թույլտվության: Ընդ որում Ղազախստանի արտահանձնման հարցումը շարունակում է գտնվել Ֆրանսիայի արդարադատության նախարարության նախնական դիտարկման տակ:  

«Ղազախստանի գլխավոր դատախազությունը չի վարել եւ չի վարում ոչ մի բանակցություն` Ռուսաստանից կամ Ուկրաինայից Աբլյազովի  հնարավոր արտահանձնման հարցերի վերաբերյալ: Ղազախստանի իրավապահ մարմինների հիմնական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է քրեական գործն ավարտելու եւ հասցված վնասը փոխհատուցելու վրա», - ասվում է ՂՀ-ի Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Մուխթար Աբլյազովի գործը ամենածավալուն եւ բարդ քրեական գործերից մեկն է, այն բաղկացած է ավելի քան 150 դրվագներից՝ շուրջ երկու հազար հատորներով:  Կազմակերպված հանցախմբի գործունեության հետեւանքով հասցված վնասը գերազանցում է  7,5 մլրդ դոլարը: