Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նպատակը իրագործվել է. ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ սկզբում ռուսների, այնուհետեւ ամերիկացիների եւ հիմա ֆրանսիացիների կողմից կազմակերպված հանդիպումների շարքը ծառայեց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շարունակման եւ գոյատեւման գործիք: «Որեւէ այլ արդյունքների սպասել պետք չէր», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանըլ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 27-ին, Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:





























