Խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») գործունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ փոքրիկ համագործակցություն: Այդ մասին այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ սա փոքրիկ քաղաքական համագործակցություն է, որն այդպես էլ դուրս չեկավ խորհրդարանի սահմաններից: Ի պատասխան նկատառմանը, որ Ազատության հրապարակի հանրահավաքները արդեն իսկ բավականին լայն համագործակցություն են նշանակում, պատգամավորը շարունակեց պնդել, որ դա երեք քաղաքական ուժերի խորհրդարանական փոխգործակցության սահմաններից չի անցնում:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ «Բարգավաճ Հայաստանի», «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Ժառանգության» միջեւ առկա տարաձայնությունները արդյոք կարո՞ղ են հանգեցնել եռյակից «Ժառանգության» հեռանալուն, Փոստանջյանն ասաց,որ համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափով կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ արտահարեթ ընտրություններ չանցկացվեն. «Մինչեւ ժողովուրդը չորոշի ազատվել Սերժ Սարգսյանից»: