Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի դատավարությունը չպետք է վերածել քաղաքական շոուի: Այս մասին Արցախպրեսի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Չեմ կարծում, որ այդ դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի, դա մեր ոճը չէ: Դատական գործի նպատակն է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը եւ համապատասխան պատիժ սահմանել մեղավորների նկատմամբ։ Համոզված եմ, որ դատարանի որոշումը կլինի օբյեկտիվ ու արդար: Սա դատական գործընթաց է, եւ այն չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար»,- ասել է նախարարը:

Կարեն Միրզոյանի խոսքով՝ ԼՂՀ իշխանություններն անում են հնարավորինս, որպեսզի ապահովեն բաց եւ անաչառ դատական գործընթաց, որին ցանկության դեպքում կարող են մասնակցել նաեւ միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ դատավարությունն անցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։