Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն՝ Ռուսաստանի շուկայում ամրապնդվելու համար, նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Վառ օրինակը հարեւան Վրաստանն է, հավելել է նա: «Երբ ես հերթական անգամ այնտեղ էի երեք շաբաթ առաջ, գինեգործներն ինձ պատմեցին. մենք պարզապես չենք հասցնում ապրանքը Ռուսաստան ուղարկել: Նույնը հանքային ջրերի մասով է: Քանի որ նրանք քիչ են մտածում եւ ավելի շատ գործում:  Իսկ մենք ոչ մի խնդիր չունենք, որոնք ժամանակին ունեին Մոլդովան եւ Վրաստանը:  Ռուսաստանում մեր ապրանքի վրա քվոտա չեն հաստատել եւ չեն հաստատի, կարող ենք տանել, ինչքան ցանկանում ենք: Սակայն այդ  հնարավորությունից շատ քիչ ենք օգտվում», – հավելել է Մակարյանը:

Ըստ նրա՝  դրանում մեղավոր է նաեւ հայ գործարարների այն հատվածը, որը տեղի շուկայում մեծ կապեր ունի:  «Իսկ Ռուսաստանի շուկան բաց է, սակայն  դու այնտեղ նորեկ ես, ոչ ոք քեզ ոչինչ չի նվիրի: Շատերին դա վախեցնում է», – հավելել է նա: Անհասկանալի է նաեւ այն, թե ինչու արտահանման համար պատասխանատու Հայաստանի պետական մարմինները չեն եռապատկել ջանքերը: «Անհրաժեշտ է գրեթե ամեն շաբաթ  մեկնել Մոսկվա, մարզ, ռուսական շուկային ծանոթացնել մեր արտադրանքի հետ: Պետք է առավելագույնս օգտագործել ԵՏՄ-ում մեր անդամակցության  առավելությունները», - ընդգծել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից: