Ղարաբաղյան կողմի դիրքորոշումն անփոփոխ է. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կլինի միայն այն պարագայում, երբ վերականգնվի ԼՂՀ լիարժեք մասնակցությունը: Այս մասին Արցախպրեսի հետ զրույցում նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցող հանդիպումները բավարար չեն բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:
«Իհարկե, այդ հանդիպումները կարեւոր են, որովհետեւ դա գոնե այն եզակի ձեւաչափն է, որը նպաստում է տարածաշրջանում թեկուզ եւ փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերեւս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով որեւէ այլ եղանակ: Դա շատ հստակ եզրահանգում է, եւ դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլեւ ԼՂՀ եւ ՀՀ դիրքորոշումը»,- ասել է նա:





























