Մոտ հեռանկարում Վրաստանի եվրաինտեգրման ուղին չի փոխվի.  ինչպիսի ուղղությամբ աշխատանքներ են տարվել պաշտոնից հեռացած պաշտպանության նախարար Ալասանիայից առաջ, նույնը կիրականցվի նաեւ առանց վերջինիս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց վրացի քաղաքագետ Գիյա Նոդիան:

Թե ինչ դրդապատճառներ է ունեցել Ալասանիայի եւ նրա թիմի հրաժարականը, քաղաքագետի խոսքով, վիճելի է: «Սակայն, ամենայն հավանականությամբ, կառավարության մնացյալ մասը դժգոհ էր, որ Ալասանիան ավելի հանրահայտ եւ վառ կերպար է, քանի Իրակլի Ղարբաշվիլին: Սակայն կարող են նաեւ ավելի խորքային պատճառներ լինել», - նշեց Նոդիան:

Քանի որ Ալասանիան միաժամանակ նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդն է, ուստի կառավարությունից դուրս են եկել նաեւ կուսակցության մնացյալ ներկայացուցիչները եւս, մասնավորապես, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: «Սակայն Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ նա կպահպանի իր որդեգրած կուրսը. հրաժարականները չեն ազդի դրա վրա», - նկատեց Գիյա Նոդիան: Շատերը, հատկապես արեւմուտքում, որոշակի առումով կասկածում են, թե որքան հետեւողական եւ սկզբունքային կլինի եվրաինտեգրման ուղղությամբ կառավարության եւ «Վրացական երազանքի» դիրքորոշումը: «Սակայն Ալասանիայի պաշտոնանկությունը, ով համարվում էր արեւմտամետ նախարար, ով լավ կապեր ուներ, հատկապես Վաշինգթոնում, կառավարության ուղղության փոփոխության շուրջ ոչ մի նեւրոզ կամ անվստահություն  չի առաջացրել», - հավաստիացրեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացման մասին: Նախարարի պաշտոնանկությունից հետո հրաժարական է տվել նաեւ Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

Նոյեմբերի 5-ին հրաժարական է տվել նաեւ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: