Մոսկվայի բորսայում դոլարը հասել է 46,08 ռուբլու՝ հաղթահարելով 46-ի հոգեբանական առումով կարեւոր շեմը եւ նոր ռեկորդ սահմանելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 57,66 ռուբլի:

«Իհարկե, արժույթի անկայունության հարցում իր ներդրումն ունի սպեկուլյատիվ բաղադրիչը, որն առավել վառ դրսեւորվել էր նախօրեին, երբ, նվազելով մինչեւ  45,36 ռուբլու, դոլարի փոխարժեքն այնուամենայնիվ կրկին բարձրացել է», - մեջբերում է գործակալությունը  վերլուծաբան Օլեգ Աբելեւի խոսքերը:  «Նշանակում է, որ Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցների վտանգի եւ նավթային գործերի հետագա անորոշության դեպքում  ռուբլու փոխարժեքի նվազման  միտումը կարող է շարունակվել»:

Ռուսաստանի ԿԲ-ն, հիշեցնում է աղբյուրը, հայտարարել է լողացող փոխարժեքի անցնելու  նոր փուլի մասին՝ սահմանափակելով  արժութային ինտերվենցիայի մակարդակը՝ օրական 350 մլն դոլար: Ավելի վաղ ինտերվենցիաների ամենօրյա ծավալները չէին սահմանափակվում եւ երբեմն հասնում էին 3 մլրդ դոլարի: