Հրաժարական տված վրացի նախարարներ Մայա Փանջիկիձեն եւ Ալեքսի Պետրիաշվիլին կարող են մնալ իրենց պաշտոններում, հայտնում է «Վրաստան Օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցող Անդրեյ Մամիկինին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի ղեկավարությունը շահագրգռված է պահպանել իրենց պաշտոններում հրաժարական տված բոլոր նախարարներին եւ փոխնախարարներին՝ բացառությամբ աշխատանքից ազատված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Զեկուցողը հույս է հայտնել, որ Փանջիկիձեի եւ Պետրիաշվիլիի հրաժարականի դիմումները չեն ընդունվի:
Նրա խոսքով՝ Վրաստանում բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել, եւ Եվրոպական խորհրդարանը, օտարերկրյա կապերի գծով կոմիտեն եւ սոցիալիստների ու դեմոկրատների քաղաքական խումբը խորը մտահոգություն են հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Եվրախորհրդարանում ասոցացման մասին պայմանագիրը կնքելուց առաջ, որը տեղի կունենա դեկտեմբերին՝ Ստրասբուրգում, ծայրահեղ անօգուտ է նախարարներին փոխելը եւ շատ վատ է, որ հրաժարական են տալիս Ալեքսի Պետրիաշվիլին եւ ԱԳՆ-ի ամբողջ ղեկավար մասը: Ես հույս ունեմ, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կհաջողվի տարհամոզել արտգործնախարար Մայա Փանջիկիձեին եւ նույն նախարարության փոխնախարարներին», - ասել է նա:




























