Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Լիդինգթոնն ընդգծել է՝ որքան ժամանակ է անցնում, «այնքան մեծանում է վտանգը, որ Լեռնային Ղարաբաղին կից տարածքներն ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս»: Այդ մասին նշվում է Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որի համաձայն Լիդինգթոնն իբր հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն ու նրան կից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:
Դեպանությունը ներկայացրել է Դեւիդ Լիդինթոնի խոսքը, որով նա հանդես է եկել Ադրբեջանի դիվանագիտական դպրոցում: «Սկզբում նախարարն ընդհանուր առմամբ հիշեցրել է Մադրիդյան սկզբունքների եւ այն մասին, թե որքան կարեւոր է, որպեսզի կողմերն ավելի բաց քննարկեն դրանք իրենց բնակչության հետ: Սկզբունքներից մեկը ներառում է «Լեռնային Ղարաբաղին կից բռնագրավված տարածքների վերադարձում Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ընդգծվում է Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդագրության մեջ: Ինչպես նաեւ ներկայացվում է այն, որ նախարարի համաձայն՝ «սահմանգծերն ավելի են խեղաթյուրվում, որոնք բարդացնում են ապագա խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը»:
Անդրադառնալով բրիտանացի նախարարի Բաքու այցին՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին: «Հիշեցնելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Դեւիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու նրան կից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, եւ որ կարեւոր է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Առանց դրա կարգավորում լինել չի կարող»:




























