«Սուրբ ծնունդը Ռոքֆելլերի կենտրոնում» արարողության համար Նյու Յորք են բերել 13 տոննա քաշով եւ 26 մետր բարձրությամբ եղեւնին, հաղորդում է NBC New York-ը:

Մի քանի տարի առաջ Ռոքֆելլերի կենտրոնի այգեպանը Փենսիլվանիայում մայրուղով ընթանալիս նկատել է այդ եղեւնին ֆերմայի տարածքում: Նա մի քանի լուսանկար է արել եւ խնդրել ֆերմայի սեփականատերերին «զոհել» եղեւնին ամենամյա տոնակատարության համար, սակայն մերժում է ստացել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Այս տարի ֆերմայի նոր սեփականատերերը համաձայնել են տալ ծառը Սուրբ ծննդյան տոնակատարության համար: Տոներից հետո այն կվերադարձնեն Փենսիլվանիա, որտեղ կօգտագործվի տներ կառուցելու համար:

Լուսային էֆեկտների համար եղեւնին կզարդարվի 45 հազար լամպերով եւ մոտ 3-մետրանոց աստղով, որը կպատրաստվի Swarovski բյուրեղներից:

Հազարավոր նյույորքցիներ Ռոքֆելլեր կենտրոնի մոտ եւ միլիոնավոր հեռուստադիտողներ ողջ աշխարհում ուղիղ եթերում կհետեւեն, թե ինչպես է ծառը «բոցավառվում» հազարավոր լույսերով:

Նշենք, որ այս արարողությունը տեղի է ունենում 1933 թվականից: