64-ամյա տղամարդն իր կնոջը 12 տարվա ընթացքում վանդակում է պահում՝ համարելով, որ այդ կերպ հոգ է տանում նրա մասին: Կնոջը նա գնել է մարդկանց վաճառքով զբաղվողներից:

2000թ.-ին 50 տարեկան հասակում չինական Գուանդուն նահանգից շինարար Լո Ցզինդունը գիտակցել է, որ իր բոլոր եղբայրներն ու քույրերն ամուսնացել են, ժամանակն է, որ ինքն էլ ընտանիք կազմի: Սակայն աշխատող տղամարդը ժամանակ չուներ կին փնտրելու համար, ուստի որոշել է պարզապես գնել, գրում է «Mirror»-ը: Լոն մեծ թվով գումարներ է վճարել մարդկանց վաճառքով զբաղվողներին եւ երիտասարդ կին ձեռք բերե, ում հետ անմիջապես ամուսնացել է:

Ամուսնությունից մեկ տարի անց նրանք տղա են ունեցել: Երջանիկ հայրը երեխային իր անվամբ է կնքել՝ առանց կնոջ կարծիքը հարցնելու, որի անունն նա այդպես էլ չի իմացել: Շինարարը նշում է, որ կնոջը սկզբում անվանում էր «կին», ծննդաբերությունից հետո՝ «որդու մայր»:

«Իրականում, քանի դեռ ես աշխատանքի էի, նրան փակի տակ մայրս էր պահում: Նա ոչ մի տեղ չէր գնում, ուստի կարիք չկար նրան անուն տալ»,- բացատրում է 64-ամյա տղամարդը:

Չինացու խոսքով՝ որդու ծնվելուց մեկ տարի հետո կտրուկ վատացել է կնոջ հոգեկան առողջությունը. նա ագրեսիվ է դարձել, սկսել է հարձակվել սկեսույրի վրա: Քննարկելով նրա պարվածքը՝ Լոն ու մայրը որոշել են անանուն կնոջը վանդակում պահել, հաղորդում է «FedPost.ru»-ն:

«Իսկ ուրիշ ի՞նչ կարող էի ես անել: Նրա բուժման համար գումար ես չունեի, բացի այդ հարկավոր էր վերանորոգել բնակարանը: Ես պետք է ամեն օր աշխատեի ինձ ու ընտանիքիս կերակրելու համար, ցանկանում էի նաեւ, որ մայրը որդու կողքին գտնվի: Ես իսկապես շատ եմ սիրում նրան: Եթե այդպես չլիներ, ես նրան փակի տակ չէի պահի: Աշխատանքի գնալուց առաջ նրա համար ուտելիք եմ պատրաստում, թույլ եմ տալիս շաբաթը մի քանի անգամ լոգանք ընդունել: Ես նրա մասին հոգ եմ տանում, ինչպես որ կարողանում եմ, սակայն գումար չունեմ բուժման դիմաց վճարելու համար»,- արդարանում է շինարարը:

Շինարարն այս մասին պատմել է լրագրողներին՝ հույս ունենալով «բարի մարդկանց» օգնությանն արժանանալ: