Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի հատվածում այս պահին ձյան պատճառով դեռ բեռնատարներ կան կանգնած. թեեւ ճանապարհն անցանելի է, վարորդները սպասում են, մինչեւ ձյունն ամբողջությամբ հալչի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ ամբողջ գիշեր ձյուն է տեղացել:
«Կան հատվածներ, որտեղ ձյուն կա, բայց բոլոր ճանապարհներին ավազ են ցանել, անցանելի են: Ձմեռային անվադողերով մեքենաները ոչ մի խնդիր չունեն, նրանք հանգիստ վարում են, վտանգավոր ոչինչ չկա: Իհարկե, բեռնատարների մի մասը դեռ կանգնած է, առավոտյան Վանաձոր-Ալավերդի հատվածում խցանում էր առաջացել, բայց հիմա արդեն շարժվում են կամաց-կամաց»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Արագածի, Սեւանի տարածաշրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ – տեղ մերկասառույց է: Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց (Սելիմի ) եւ Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:




























